English   Armenian  
 
 
 
Կայքի Քարտեզ | Տպել
     Հրապարակումներ    Վերականգնվող էներգետիկա    Բնակֆոնդի կառավարում    Տնտեսական զարգացում    Գրադարան    Հղումներ
ՎԵՐՋԻՆ ԼՈՒՐ

‹‹Զարգացման լուծումների ինստիտուտ›› հիմնադրամը դեռևս 2009 թ. հուլիսին կնքել էր ռազմավարական համագործակցության համաձայնագիր ‹‹Երրորդ Բնություն›› ՀԿ-ն հետ ՀՀ համայնքներում էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի զարգացման խթանման վերաբերյալ: ...
Բնակֆոնդի կառավարում 



Շատ դեպքերում շենքի կառավարում ասելով հասկանում ենք միայն շենքի ընդհանուր բաժնային սեփականության պահպանման պարտադիր նորմերի կատարումը: Այս նվազագույն ծավալի աշխատանքները համատիրությունը չիրականացնել չի կարող և իրավունք չունի չկատարել, պարտադիր նորմերի կատարմանն ուղղված աշխատանքները նրա կարևորագույն պարտականություններն են: Մի կողմից իհարկե այս կրկնությունը դրական է այն առումով, որ համատիրությունները իրենց ուշադրությունից ոչ մի դեպքում դուրս չթողնեն այդ կարևորագույն պարտականությունը, սակայն մյուս կողմից մենք բոլորս կարծես թե մոռանում ենք, թե ինչ է նշանակում տարբեր սեփականատերերին պատկանող բազմաբնակարան շենքի լիարժեք կառավարումը: Այդ առումով, օգտակար կլինի վերհիշել բազմաբնակարան շենքի լիարժեք կառավարում ասվածի բովանդակային իմաստը:
Լայն իմաստով բազմաբնակարան բնակելի ֆոնդի կառավարումը ապահովում է բնակարանային անշարժ գույքի արդյունավետ օգտագործումը և իր մեջ ներառում է բնակֆոնդի սեփականատերերի և այնտեղ այլ հիմունքներով բնակվող քաղաքացիների բազմաբնակարան բնակելի ֆոնդի նպատակային և ռացիոնալ օգտագործման պահանջմունքները, բնակության միջավայրի անհրաժեշտ որակի ապահովումը` շենքերի և շինությունների սպասարկման, վերանորոգման և վերականգման աշխատանքներ կազմակերպելու, ինչպես նաև կոմունալ և այլ ծառայություններ տրամադրելու միջոցով, բազմաբնակարան շենքերի պահպանման ֆինանսական ապահովումը ֆինանսավորման որոշակի աղբյուրների միջոցով, դրամական միջոցների հավաքագրման ապահովման և ֆինանսական միջոցների օգտագործումը պլանավորելու և վերահսկելու ճանապարհներով:
Բնակֆոնդի կառավարումը պետք է ապահովի այնտեղ ապրելու գրավիչ և մատչելի պայմաններ, բնակչության պահանջմունքների բավարարման համար ունեցած բնակելի տարածքների լրիվ չափող օգտագործումը, բնակելի ֆոնդի օգտագործումից ֆինանսական միջոցների առավելագույն վերադարձելիությունը, որը շենքի որակյալ վիճակի գրավականն է: Լիարժեք կառավարում իրականացնելու համար անհրաժեշտ է նաև բնակարանների վարձակալության ոլորտի պայմանագրային հարաբերությունների կատարելագործում, այդ թվում սոցիալական վարձակալության: Եթե անհատական տան սեփականատերը ինքնուրույն է կատարում նորոգման, սպասարկման, պահպանման աշխատանքները, ապա բազմաբնակարան շենքերի համար, որոնք բավականաչափ մեծ տոկոս են կազմում մեր երկրում, բնակարանային ֆոնդի արդյունավետ կառավարում հնարավոր է միայն անշարժ գույքի արհեստավարժ կառավարման զարգացման դեպքում, որը կգործի մրցակցության պայմաններում: Բնակարանների մասնավորեցման միջոցով բազմաբնակարան բնակելի ֆոնդի սեփականության պետական մենաշնորհի վերացումը և բնակարանների սեփականատերերի միավորումների (համատիրությունների) ստեղծումը ենթադրում է հավասար իրավական հնարավորություններ շենքերի կառավարման համար:
Բազմաբնակարան բնակելի ֆոնդի կառավարման լավագույն սխեմա կարելի է ստեղծել այն ժամանակ, երբ սեփականատերերը, այդ թվում տեղական ինքնակառավարման մարմինները և բնակարանների սեփականատերերի միավորումները (համատիրությունները) կընտրեն այն կառավարման ընկերությանը, որը իրեն տրամադրված ֆինանսական միջոցների սահմաններում կապահովի շենքի լավագույն պահպանություն, անհրաժեշտ որակի և քանակի բնակարանային-կոմունալ ծառայությունների տրամադրում:
Բազմաբնակարան շենքերի արհեստավարժ մրցակցային կառավարման ձևավորումը` բնակարանային ոլորտի բարեփոխումների հիմնասկզբունքներից մեկն է: Կառավարման ընկերությունները պետք է լրիվ չափով իրենց վրա վերցնեն բնակիչներից բնակարանային-կոմունալ ծառայությունների դիմաց վարձավճարների հավաքագրման հարցերը, ներառյալ այն խթանների ստեղծումը, որոնք կնպաստեն այդ վճարների ժամանակին ապահովումը, բնակիչների շահերի և օրինական իրավունքների պաշտպանությունը կոմունալ ծառայություն առաջարկողներից, վիճելի հարցերի որոշումը, օրինակ կոմունալ ծառայությունների որակի առումով, այս կամ այն տուգանքի որոշումը և այլն: Կառավարման ընկերությունը կատարում է բնակֆոնդի օգտագործման երկարաժամկետ պլանավորում ներառյալ հիմնանորոգման, վերակառուցման հարցերը: Եթե երկարաժամկետ ռազմավարության իրականացման արդյունքում ծագում են հարցեր, որոնք գտնվում են կառավարող ընկերության իրավասություններից դուրս, ապա ընկերությունը ժամանակին այդ հարցերը դնում է սեփականատիրոջ կամ սեփականատերերի միավորման առջև: Կարևոր է նաև, որ բազմաբնակարան շենքերի կառավարման ծառայությունների շուկան բացվի մասնավոր բիզնեսի համար: Ընդ որում այդ մրցակցությունում լավ հնարավորություններ կունենան բնակարանային ոլորտի հետ առնչվող մասնավորեցված ընկերությունները:
Մասնավոր բիզնեսը բնակֆոնդի կառավարման ոլորտ հրապուրելու համար անհրաժեշտ է լուծել մի շարք խնդիրներ, որոնցից են` պատասխանատվությունների բաշխումը, բնակարանային ֆոնդի կառավարման արդյունավետ վերահսկողության համակարգի ստեղծումը, փոխադարձ պայմանագրային հարաբերությունների կատարելագործումը, վճարումների գանձման համակարգումը, ներառյալ պահուստային ֆոնդերի և ապահովագրական համակարգերի ներդնումը, սոցիալապես անպաշտպան խավերի համար պետական բնակարանային-կոմունալ դոտացիաների կամ նպաստների համակարգի ստեղծումը և այլն:
Լիարժեք կառավարում իրականացնելու մյուս նախապայմանը բնակչության մոտ համատեղ գործելու մշակույթի արմատավորումն է, որովհետև սոցիալական ներկա պայմաններում և ամենացածր վճարումների դեպքում անգամ գույքի նկատմամբ սեփականատիրոջ վերաբերմունք ցուցաբերելը մեծապես կնպաստի դրա պահպանմանը: Այս առումով կա դրական առաջընթաց` ‹‹Համատիրություն›› երևույթը, որպես նոր իրավական մշակույթ ցուցադրում է իր գոյության առաջին նշանները, որոնք հուշում են, որ մարդկանց գիտակցության, մտածողության մեջ սկսել է արմատավորվել այդ մշակույթը: Դրա վկայությունն է մի շարք դեռևս պարզագույն, բայց իրենց ձևով և բովանդակությամբ գեղեցիկ դրսևորումները բազմաբնակարան շենքերի կառավարման ոչ պարզ գործընթացներում:

 
Ստանալ նորություններ
  Ձեր էլ. փոստի հասցեն :
  Փնտրել
Սույն վեբ կայքը պատրաստվել է 2011 թվականին ‹‹Տավուշի մարզի Սևքար համայնքի մանկապարտեզի շենքում էներգաարդյունավետության բարձրացման և վերականգնվող էներգիայի աղբյուրների օգտագործման փորձի ցուցադրում›› դրամաշնորհային ծրագրի շրջանակներում: Ծրագիրը օժանդակվել է Գլոբալ էկոլոգիական Հիմնադրամի Փոքր դրամաշնորհների ծրագրի կողմից:
 
 
 
 
  2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են: Ձևավորումը ` europ INNET Web Studio